Հանդեսի մասին

«Լեզու և խոսք» էլեկտրոնային հանդեսը հրապարակվում է 2021 թվականից։ Միջազգային չափորոշչի համարանիշը` ISSN 2738 -280X:

էլեկտրոնային հանդեսը հրապարակվում է տարին երկու անգամ: Հրապարակվում են հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն հոդվածներ: Հեղինակների մասին այդ լեզուներով տրվում է համառոտ տեղեկություն:

●Հանդեսի խմբագրությունը պահպանում է գիտական հոդվածներ հրապարակելու ընդունված սկզբունքները։ Հեղինակային իրավունքը և բարոյական (էթիկայի) նորմերը խախտելն անընդունելի է։

● Խմբագրությունն ընդունում է անաչառ որոշումներ՝ հիմք ընդունելով ներկայացվող հոդվածների մասնագիտական մակարդակը և որակը։

● Հոդվածները գրախոսվում են։ Գրախոս չեն կարող լինել հոդվածի հեղինակը կամ համահեղինակը, ինչպես նաև հեղինակների գիտական ղեկավարները։

● Խմբագրությունը կտրականապես դեմ է գիտական հետազոտությունները հրապարակելու ընդունված նորմերի խախտումներին, որոնցից ամենատարածվածներն են գրագողությունը, նախկինում հրատարակված նյութերը ներկայացնելը, այլոց գիտական հետազոտությունների արդյունքները յուրացնելը կամ տվյալները կեղծելը: Այդ կարգի խախտումների առկայության դեպքում հոդվածը մերժվում է։

● Խմբագրությունը պարտավորվում է մինչև հոդվածները հրապարակելը չօգտագործել դրանցում առկա տվյալները և դրանք չտրամադրել երրորդ կողմի՝ բացառությամբ գրախոսների։

● Հոդվածների բովանդակային փոփոխություններն ու ճշգրտումները համաձայնեցվում են հեղինակի հետ: Խմբագրության միջամտություններին չհամաձայնելու դեպքում կողմերն իրավունք ունեն հրաժարվելու հոդվածը հրապարակելուց։

● Հանդեսում հրապարակվող հոդվածներում արծարծվող դիտարկումներըը կարող են չհամընկնել խմբագրության և խմբագրական խորհրդի անդամների տեսակետներին: Այդուհանդերձ, խմբագրությունը պատասխանատվություն է կրում հրապարակվող հոդվածների մասնագիտական որակի համար:

● Հոդվածներն ըստ առաջնահերթության են ընտրվում՝ նկատի ունենալով հանդեսի թեմատիկ և բովանդակային ուղղվածությունը:

● Հոդվածներն ընդունելուն կամ մերժելուն վերաբերող որոշումը կայացվում է առավելագույնը 2 ամսվա ընթացքում։

● Հոդվածները հրապարակվում են անվճար։

 

ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ


Խմբագրություն ուղարկվող հոդվածները գրանցվում և հաշվառվում են, եթե դրանք ամբողջովին համապատասխանում են հանդեսի բովանդակային և թեմատիկ ձևաչափին ու պահանջներին: Խմբագրությունը կարող է հոդվածները մերժել դրանց` հանդեսի բովանդակությանը և թեմատիկ ուղղվածությանը չհամապատասխանելու դեպքում։

Գրանցված ու հաշվառված հոդվածները չեն երաշխավորում դրանց հրապարակումը: Բոլոր հոդվածները գրախոսվում են՝ պարզելու դրանց համապատասխանությունը բովանդակային հետևյալ հիմնական չափանիշներին՝ ուսումնասիրության նպատակն ու խնդիրները, արդիականությունը, նորույթը, տեսական և կիրառական նշանակությունը, օգտագործված տվյալների ճշգրիտ լինելը և այլն:

Նկատի առնելով վերոնշյալը՝ խմբագրությունն իրավասու է հոդվածն ընդունել հրապարակման, ուղարկել լրացուցիչ (կրկնակի) գրախոսման, վերադարձնել հեղինակին՝ վերանայելու և վերախմբագրելու, կամ մերժել:

Գրանցված և հաշվառված հոդվածները տրվում են «անանուն» գրախոսության․ գրախոսողների անունները գաղտնի են, և նրանք էլ չգիտեն հեղինակների անունները:

Խմբագրությունը հեղինակին չի ներկայացնում գրախոսության տեքստը, սակայն հակիրճ տեղեկացնում է որոշման եզրահանգումների կամ մերժելու հիմնական պատճառների մասին:

Գրախոսության արդյունքներով՝ խմբագրական խորհուրդը որոշում է նյութը՝ 1) հրապարակել, 2) վերամշակմամբ հրապարակել, 3) արմատապես վերափոխելուց հետո կրկին գրախոսության ուղարկել, 4) մերժել:


DOI: 10.54412/2738280X